Երգեհոնի մասին

Հայաստանի  բազմաժանր երաժշտական կյանքում իր ուրույն տեղն ու լսարանն է ունեցել երգեհոնային երաժշտությունը: Դրա վկայությունն են հանրահայտ հայազգի երգեհոնահարներն ու բազմաթիվ երգեհոնների առկայությունը Երևանում և Հայաստանի այլ  քաղաքներում՝ Էջմիածին, Չարենցավան, Կապան, Գյումրի: 

Առաջին երհգեհոնը տեղադրվեց  կոմպոզիտորների միությունում 1964թ-ին և չնայած կարճ կենսագրությանը երգեհոնային մշակույթը շատ արագ ծաղկում ապրեց մեծ ճանաչում ստացավ արտերկրում: Իհարկե այդ ամենը՝ նախ և առաջ, հայկական երգեհոնային դպրոցի նահապետ Վահագն Ստամբոլցյանի ջանքերի շնորհիվ: 

1970 թ. բացվեց Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի երգեհոնը. հանդես եկան Վահագն Ստամբոլցյանը և Լուսինե Զաքարյանը, Լևոն Աբրահամյանն ու Գոհար Գասպարյանը: 

Երգեհոնների տեղադրումը խթան հանդիսացավ հայ կոմպոզիտորների կողմից երգեհոնի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների ստեղծման համար(Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ավետ Տերտերյան, Երվանդ Երկանյան, Սերգեյ Աղաջանյան, Միխայիլ Կոկժաև, Էդուարդ Հայրապետյան, Հարություն Դելլայան, Ստեփան Շաքարյան, Էդուարդ Բաղդասարյան, Արզաս Ոսկանյան,  Գարեգին Գրիգորյան, Քրիստափոր Քուշնարյան,Դավիդ Գիլանյան, Էդուարդ Խաղագործյան, Մելիք Մավիսակալյան, Միքայել Թարիվերդիև, Լևոն Աստվածատրյան և այլոք):

Հայ երգեհոնահարները մեծ հաջողությամբ ելույթներ էին ունենում արտերկրում, մասնակցում միջազգային փառատոնների և մրցույթների: Իսկ Վահագն Ստամբոլցյանը միջազգային մրցույթների ժյուրիի սպասված անդամ էր: Հայաստանում ևս անցկացվում էին  երգեհոնային փառատոններ: Արդեն 1969 թ. անցկացվեց երգեհոնային փառատոն նվիրված Կոմիտասի 100-ամյակին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար: Առաջին    համերգին  ելույթ  է ունեցել  ՀՀ  ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը: