Երգեհոնային փառատոն 2025

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոն  2025

2022 թվականին իրականացել է հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի երազանքը․ Հայաստանում հիմնվել է և առաջին անգամ անցկացվել երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը, որը կրում է նրա անունը։ Փառատոնի հաջորդ թողարկումը տեղի է ունեցել 2024 թվականին՝ շարունակելով ձևավորվող ավանդույթը։

2025 թվականի սեպտեմբերի 24-ին, Կոմիտասին նվիրված համերգով, մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնը, որը մի քանի ամիս շարունակ Հայաստանում ստեղծել է  բարձրարվեստ երգեհոնային միջավայր և յուրահատուկ մշակութային մթնոլորտ։

Փառատոնի շրջանակում Հայաստանը պատիվ է ունեցել հյուրընկալելու միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարների՝ Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուային, բրիտանացի ճանաչված կատարող Ջոնաթան Սքոթին, Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբիային, և Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկին։

Միջազգային երաժիշտների մասնակցությունը փառատոնին ունի խորքային նշանակություն․ այն ստեղծում է փորձի փոխանակման հարթակ հայ և օտարերկրյա երաժիշտների միջև, հնարավորություն է տալիս Հայաստան բերել տարբեր երգեհոնային դպրոցների ավանդույթներն ու կատարողական փորձը, ինչպես նաև ներկայացնել հայկական երգեհոնային արվեստը և մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները միջազգային հանրությանը։

Փառատոնի ընթացքում արդեն ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ․ հրավիրյալ արտիստները իրենց ելույթները եզրափակում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ 2025 թվականին ևս այդ ավանդույթը պահպանվել է․Վենսան Դյուբուան իր ելույթը եզրափակել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ով, Ջոնաթան Սքոթը կատարել է Կոմիտասի «Շուշիկը», Խուան դե լա Ռուբիան՝ Կոմիտասի «Խորհուրդ խորինը», իսկ Ադրիան Հուկը՝ Մակար Եկմալյանի «Ամեն հայր սուրբը»։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից են նաև մարզային համերգները։ 2025 թվականին համերգներ անցկացվել են Կապանում և Չարենցավանում՝ ընդլայնելով փառատոնի աշխարհագրությունը և ապահովելով մշակութային կյանքին լայն մասնակցություն։ Կապանում հանդես են եկել հայկական երգեհոնային դպրոցի ներկայացուցիչները, այդ թվում՝ տեղացի երաժիշտներ, իսկ Չարենցավանում, հայ կատարողների հետ միասին, ելույթ  են ունեցել նաև Ջոնաթան Սքոթը և Ադրիան Հուկը։

Փառատոնի պաշտոնական փակումը տեղի է  ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին նվիրված համերգով՝ ամփոփելով մի քանի ամիս շարունակվող բարձրարվեստ երաժշտական ընթացքը և խոստանալով նոր հանդիպում հաջորդ տարի։