Ստեղծման պատմություն
Հայաստանում երգեհոնային արվեստի զարգացման պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը, որի կայացման ակունքներում կանգնած է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը։ Նրա և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի հետևողական աշխատանքի շնորհիվ իրականացել է մի նախաձեռնություն, որն այսօր դարձել է ոչ միայն համերգային, այլև կրթական և մշակութային կարևոր հարթակ։
Փառատոնը կրում է մեծ երգեհոնահար, մանկավարժ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի անունը։ Ստամբոլցյանը տարիներ առաջ երազում էր Հայաստանում նախաձեռնել միջազգային երգեհոնային փառատոն՝ նպատակ ունենալով առավել լայն տարածել և հանրահռչակել այս յուրահատուկ արվեստը։ Չափազանց համեստ լինելով՝ նա խնդրել էր, որ ապագա փառատոնը չկրի իր անունը։ Սակայն, երբ նախաձեռնության իրականացման պահը հասունացել է, որոշում է կայացվել այն անվանակոչել մեծ վարպետի անունով՝ որպես երախտագիտության և բարձր գնահատանքի նշան։
Վահագն Ստամբոլցյանը հսկայական ներդրում է ունեցել հայ երգեհոնային արվեստի զարգացման գործում։ Նա Հայաստանում երգեհոնային դպրոցի հիմնադիրն է՝ կարելի է ասել՝ նահապետը։ Նրա ջանքերով Չարենցավանում, Կապանում և Երևանի մի քանի համերգասրահներում տեղադրվել են երգեհոններ՝ ձևավորելով այդ գործիքի կենդանի մշակութային ներկայությունը և հիմք դնելով պրոֆեսիոնալ կրթական միջավայրի ձևավորմանը։
Փառատոնի գաղափարը վերջնականապես ձևավորվել է 2011–2012 թվականներին՝ երկարատև քննարկումների արդյունքում։ 2020 թվականին նախագիծը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և հաստատվել։ Թեև պատերազմի և համավարակի հետևանքով իրականացումը ժամանակավորապես հետաձգվել է, նախաձեռնությունը չի կորցրել իր շարունակականությունը և ի վերջո, կայացել է՝ ապացուցելով մշակութային կամքի և նվիրվածության ուժը։
Փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել բարձրակարգ երգեհոնահարներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից և այլ երկներից ճանաչված երաժիշտներ։ Նրանց մասնակցությունը բարձրացրել է փառատոնի միջազգային հեղինակությունը և նոր շունչ հաղորդել հայաստանյան երաժշտական կյանքին։
Տարիներ առաջ, երբ կազմակերպվում էին առանձին երգեհոնային համերգներ, հանդիսատեսի սակավությունը լուրջ խնդիր էր։ Այդ հանգամանքն էլ դարձել է փառատոնի հիմնադրման կարևոր շարժառիթներից մեկը։ Նպատակ է եղել ոչ միայն հանրահռչակել երգեհոնային արվեստը, այլև պահպանել ու զարգացնել այն՝ ձևավորելով լսարան և ստեղծելով կայուն մշակութային միջավայր։
Այսօր պատկերը փոխվել է։ Ձևավորվել է ակտիվ երգեհոնային կյանք, կա սպասող ու հետաքրքրված հանդիսատես։ Փառատոնը նպաստում է հայկական երգեհոնային դպրոցի պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Այն վաղուց արդեն վերածվել է ոչ միայն համերգային, այլև կրթական կարևոր հարթակի՝ վարպետության դասերով, մասնագիտական քննարկումներով և փորձի փոխանակման հնարավորություններով։
Երգեհոնային արվեստը Հայաստանում այսօր ապրում է նոր վերածնունդ, և այդ ճանապարհին Վահագն Ստամբոլցյանի անունը շարունակում է հնչել՝ որպես ավանդույթի, նվիրումի և զարգացման խորհրդանիշ։