Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոն
2026 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնը։ Մշակութային այս կարևոր իրադարձությունը շարունակելու է ձևավորել Հայաստանի երգեհոնային կյանքի ակտիվ և բազմազան օրակարգը՝ համադրելով ազգային ավանդույթն ու միջազգային փորձը։
Փառատոնի ընթացքում հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված երգեհոնահարներ։ Այս տարի նախատեսվում են երգեհոնահարների ելույթներ այն երկրներից, որոնցից մինչ այժմ փառատոնը չի ունեցել հրավիրյալ կատարողներ։ Այս նոր աշխարհագրությունը վկայում է նախաձեռնության ընդլայնման և միջազգային համագործակցության խորացման մասին։
Փառատոնի բացման համերգը, ավանդույթի համաձայն, կնվիրվի հայ երաժշտության հանճարեղ ներկայացուցիչ, կոմպոզիտոր, ազգագրագետ, երգահան, խմբավար և հոգևորական Կոմիտասին։ Նրա ստեղծագործական ժառանգությունը, որը միավորում է ազգային ակունքներն ու համամարդկային արժեքները, կդառնա փառատոնի մեկնարկային հնչերանգը՝ ընդգծելով հայկական երաժշտական ինքնության շարունակականությունը։
Փառատոնի ընթացքում կկայանան ծրագրային համերգներ, նվիրված հայ կոմպոզիտոր, խմբավար Մակար Եկմալյանի ծննդյան 170 և կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 85 ամյակներին: Դեկտեմբերին կայանալիք փակման համերգը կնվիրվի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ-ի ծննդյան 270-ամյակին:,
Այս համադրությունը միավորում է տարբեր դարաշրջաններ և մշակութային տարածքներ՝ ընդգծելով երգեհոնի համընդհանուր լեզուն, որն ունակ է հնչեցնել ինչպես դասական եվրոպական գլուխգործոցներ, այնպես էլ հայկական հոգևոր ու աշխարհիկ երաժշտության գանձերը։
Չորրորդ միջազգային փառատոնը շարունակելու է իր առաքելությունը՝ նպաստել հայկական երգեհոնային դպրոցի պահպանմանն ու զարգացմանը, խթանել երիտասարդ կատարողների մասնագիտական աճը և ընդլայնել միջազգային ստեղծագործական համագործակցությունը։ Համերգներին զուգահեռ նախատեսվում են նաև վարպետության դասեր և մասնագիտական հանդիպումներ, որոնք փառատոնը դարձնում են ոչ միայն համերգային, այլև կրթական կարևոր հարթակ։
Վահագն Ստամբոլցյանի անվան փառատոնը տարեցտարի հաստատում է իր նշանակությունը Հայաստանի մշակութային կյանքում՝ դառնալով կամուրջ անցյալի ավանդույթի և ժամանակակից ստեղծագործական մտքի միջև։ 2026 թվականի ծրագիրը խոստանում է լինել բովանդակալից, հոբելյանական շեշտադրումներով և նոր միջազգային շնչով։