Երգեհոնային փառատոն 2022
2022թ. Կամերային երաժշտության ազգային կենտրոնn իրականություն դարձրեց հայկական երգեհոնային դպրոցի նահապետ՝ Վահագն Ստամբոլցյանի, Հայաստանում երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն անցկացնելու երազանքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը կայացավ Վահագն Ստամբոլցյանի անվան առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցեցին ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի հեղինակավոր երգեհոնահարները: Հնչեցին ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:
Փառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաների կողմից:
Բարոկ և դասական երաժշտության կողքին հնչեց նաև հայ հոգևոր երաժշտություն: Փառատոնի շրջանակում անցկացվեց 12 համերգ՝ Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, ինչպես նաև Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում և Կապանի արվեստի պետական քոլեջում:
Համերգներին իրենց մասնակցությունն են ունեցել երգեհոնահարներ Ժան-Պիեռ Սթեյվերս (Նիդերլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Եվգենի Ավրամենկոն (Ռուսատան), Արմեն Աղաջանյանը, Թերեզա Ոսկանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Հովհաննես Մանուկյանը, Վահագն Մարգարյանը, Դավիթ Հովհաննիսյան, Արփինե Հարությունյանը, Մարինա Նահապետյանը, Հարություն Թագվորյանը, ինչպես նաև Էլվիրա Մարգարյանը (սոպրանո), Վադիմ Թալալյան/ֆլեյտա/, և Սաղմոսերգու հոգևոր երաժշտության արական երգչախումբը (գեղ. ղեկավար եվ խմբավար՝ Վահե Բեգոյան): Փառատոնը փակվեց գալա համերգով, որին իր մասնակցությունն ունեցավ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):
Հնչեցին Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի երգեհոնայն կոնցերտները։