Հայ երգեհոնահարներ
Արփինե Հարությունյան
Ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 10-ին։
Կրթություն
Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը (դասախոս՝ Վ. Վ. Ումրշատ), այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (դասախոս՝ Ա. Բոգդանյան), երգեհոնային (դասախոս՝ Վահագն Ստամբոլցյան) և ստեղծագործական (դասախոսներ՝ Էդգար Սարյան, Լևոն Չաուշյան) բաժինները։
Ավարտել է նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի երգեհոնային բաժինը՝ Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ՝ ուսման տարիներին հանդիսանալով նրա ասիստենտը։
Աշխատանքային գործունեություն
1996–2013 թվականներին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգեհոնահարը՝ մասնակցելով եկեղեցական և համերգային երաժշտական կյանքին, ինչպես նաև հոգևոր երաժշտության կարևոր նախագծերի իրականացմանը։
Զուգահեռ դասավանդել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես դաշնամուրի դասատու և աշխատել որպես նվագակցող։
Արդեն 26 տարի է ինչ իր գործունեությունը նվիրել է երգեհոնային արվեստի զարգացմանը, հայկական հոգևոր երաժշտության մեկնաբանությանը և երիտասարդ երաժիշտների կրթությանը։ Նրա ստեղծագործական ուղին սերտորեն կապված է հայկական երգեհոնային դպրոցի ձևավորման և զարգացման հետ, որի հիմնադիրներից էր իր ուսուցիչը՝ Վահագն Ստամբոլցյանը։
Ստեղծագործական գործունեություն
Արփինե Հարությունյանը հանդես է եկել բազմաթիվ մենահամերգներով Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախմբի երգեհոնահար։
Համերգներով ներկայացել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Հնդկաստանում, Հունաստանում և Հոլանդիայում։
2010 թվականին Մոսկվայի Սվետլանովյան համերգասրահում մասնակցել է հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին՝ ներկայացնելով հայկական երգեհոնային արվեստը միջազգային լսարանին։
Մասնակցել է նաև Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային միջազգային փառատոնին, որի նպատակն է պահպանել և զարգացնել հայկական երգեհոնային արվեստի ավանդույթները։
Որպես կոմպոզիտոր և մշակումների հեղինակ՝ կատարել է Կոմիտասի և Մակար Եկմալյանի Պատարագների երգեհոնային փոխադրությունները, հեղինակել նվագակցություններ և մշակել բազմաթիվ հայկական հոգևոր շարականներ ու մեղեդիներ։
Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Յոհան Սեբաստիան Բախ, Դիտրիխ Բուքստեհուդե, Յոհան Լյուդվիգ Կրեբս, Անտոնիո Վիվալդի, Ժան Լանգլե, ինչպես նաև Կոմիտասի և Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։
Արփինե Հարությունյանի արվեստի առանցքում հայկական հոգևոր երաժշտության նոր մեկնաբանությունն է, երգեհոնի միջոցով ազգային երաժշտական ժառանգության հանրահռչակումը և հայ երգեհոնային դպրոցի շարունակական զարգացումը։
Կոչումներ և պարգևներ
* 2002 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվոգրին՝ բարձր կատարողական արվեստի համար։
* 2005 թվականին պարգևատրվել է Շենգավիթ վարչական շրջանի պատվոգրով՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված Կամերային երաժշտության տանը կայացած մենահամերգի համար։
* Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր (դաշնամուր մասնագիտությամբ)։