Հայ երգեհոնահարներ

Հարություն Թագվորյան

Speaker Detail Image

Ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 4-ին, Երևանում։

Կրթություն

1988 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ ուսումը շարունակելով միաժամանակ երկու մասնագիտություններով՝ դաշնամուր և երգեհոն։ Ուսանել է անվանի մանկավարժներ Ռոզա Թանդիլյանի և Արթուր Ադամյանի դասարաններում։

1996 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ կատարելագործվելով Ռոզա Թանդիլյանի և Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ։

Աշխատանքային գործունեություն

1994 թվականից աշխատում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցում՝ որպես երգեհոնահար ։

1996 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես կոնցերտմայստեր։

2001–2007 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում՝ որպես կոնցերտմայստեր։

2007–2018 թվականներին աշխատել է Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում՝ որպես կոնցերտմայստեր։

2015 թվականից դասավանդում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի և մշակույթի պետական քոլեջում (նախկին՝ Մշակույթի պետական քոլեջ)։

Ներկայումս աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Օպերային ստուդիայում՝ որպես կոնցերտմայստեր, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում՝ որպես երգեհոնահար, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անվան արվեստի և մշակույթի պետական քոլեջում՝ որպես դասախոս։

Ստեղծագործական գործունեություն

Երգեհոնային արվեստով զբաղվում է 1984 թվականից։ Որպես մենակատար և անսամբլային երաժիշտ՝ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և մրցույթների, այդ թվում՝ 1989–1990 թվականներին Մերձբալթյան երկրներում անցկացված երաժշտական փառատոներին, ինչպես նաև 2003 և 2005 թվականներին Կալինինգրադում կայացած Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթին։ 2019 թվականին հանդես է եկել համերգներով Ուկրաինայում։ 

Նրա ստեղծագործական հետաքրքրությունների առանցքում արևմտաեվրոպական դասական երգեհոնային երաժշտությունն է, հատկապես Յոհան Սեբաստիան Բախի և Դիտրիխ Բուքստեհուդեի ստեղծագործությունները։ Որպես կոնցերտմայստեր և երգեհոնահար՝ համագործակցել է բազմաթիվ հայ երաժիշտների, երգչախմբերի և մենակատարների հետ՝ նպաստելով հայ երաժշտական կյանքի զարգացմանը։