Հայ երգեհոնահարներ

Հովհաննես Մանուկյան

Speaker Detail Image

Կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար

Ծնվել է 1984 թվականի հուլիսի 10-ին, Երևանում։

Կրթություն

1991–2001 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը՝ որպես ջութակահար, կոմպոզիտոր և դաշնակահար։

2001–2006 թվականներին ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ստեղծագործական բաժնում (ղեկավար՝ Էդվարդ Միրզոյան) և երգեհոնի բաժնում (ղեկավար՝ Արթուր Ադամյան)։

2006–2009 թվականներին շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ ստեղծագործական բաժնում (ղեկավար՝ Էդվարդ Միրզոյան) և երգեհոնի բաժնում (ղեկավար՝ Վահագն Ստամբոլցյան)։

Աշխատանքային գործունեություն

2009–2013 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեհոնի դասարանում։

2013 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող։

2016 թվականից հայ-ամերիկյան կամերային նվագախմբի գլխավոր կլավեսինահարն է։

Հանդես է գալիս նաև որպես երգեհոնահար և դաշնակահար։

Ստեղծագործական գործունեություն

Հովհաննես Մանուկյանը սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային և երգեհոնային ստեղծագործությունների հեղինակ է։ Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունեն հոգևոր թեմաներն ու ազգային երաժշտական մտածողությունը։

Հիմնական ստեղծագործությունները

  • «Օվսաննա՜-Օվսաննա Բարձրյալի Որդուն» սոնատ երգեհոնի համար (2004)
  • «Հայտնություն» սիմֆոնիկ նվագախմբի համար (2006)
  • «Gloria in excelsis» տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (2007)
  • «Եղիր փառավորված, Տեր մեր Հիսուս Քրիստոս» կոնցերտ-սիմֆոնիա №1՝ թավջութակի, կանացի երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2009)
  • «Եղիր փառավորված, Տեր մեր Հիսուս Քրիստոս» կոնցերտ-սիմֆոնիա №2՝ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2010)
  • «Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է» օկտետ՝ չորս ջութակի, երկու ալտի, թավջութակի և կոնտրաբասի համար (2009)
  • «Սաղմոսներ» թավջութակի, դաշնամուրի և ֆոնոգրամի համար (2009)
  • «Երկնային ուղերձ» №1՝ մենանվագ թավջութակի համար (2010)
  • «Երկնային ուղերձ» №2՝ մենանվագ գալարափողի համար (2012)
  • «Նա հարություն է առել» ջութակի և լարային նվագախմբի համար (2011)
  • «Ես, Հիսուսը, լույսն եմ աշխարհին» երկսեռ երգչախմբի և դաշնամուրի համար (2012)
  • «Եկեք ինձ մոտ, և դուք կժառանգեք իմ արքայությունը երկնքում» կոնցերտ մարիմբաֆոնի և լարային նվագախմբի համար (2013)
  • «Իմ նոր Երուսաղեմը» երգեհոնի համար (2014)
  • «Արարատից՝ Սիոն» ջութակի և կամերային նվագախմբի համար (2015)
  • «Ալելույա» ալտ սաքսոֆոնի և երգեհոնի համար (2015)
  • «Լսեք իմ քայլերը» մարիմբաֆոնի և դաշնամուրի համար (2015)

Կոչումներ և մրցանակներ

1996 թվականին Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների «Amadeus» մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի՝ ոսկե մեդալի։

2004 թվականին դարձել է Ղազարոս Սարյանի և Գեորգի Սարաջևի անվան կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր։

2005 թվականին նախագահական երաժիշտների մրցույթում «Օվսաննա՜-Օվսաննա Բարձրյալի Որդուն» երգեհոնային սոնատի համար արժանացել է մրցանակի։

2008 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից պարգևատրվել է «Արամ Խաչատրյան-100» հուշամեդալով։

Նույն թվականին Մոսկվայում կայացած «Soli Deo Gloria» միջազգային երգեհոնահարների երկրորդ բաց փառատոն-մրցույթում նրա «Օվսաննա՜-Օվսաննա Բարձրյալի Որդուն» սոնատն արժանացել է հատուկ մրցանակի՝ «Անհատականության և լավագույն ժամանակակից հոգևոր երգեհոնային ստեղծագործության համար» անվանակարգում։

2009 թվականին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

2011 թվականին «Նա հարություն է առել» ստեղծագործության համար արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կողմից կազմակերպված մրցանակաբաշխության դափնեկրի կոչման։

Հրատարակված հոդվածներ

  • «Флейта и ее народные прототипы в композиторском творчестве Армении» // Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական երրորդ նստաշրջան. Նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, էջ 175–184։
  • «Концерт для флейты и камерного оркестра Л. Чаушяна» // Կանթեղ, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009, № 2(39), էջ 174–179։
  • «О флейте» // Երաժշտական Հայաստան, Երևան, 2009, № 2(33), էջ 78–80։
  • «Հայ երգեհոնային դպրոցի հիմնադիրը. Վահագն Ստամբոլցյան» // Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջան, նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին (15–17 նոյեմբերի, 2013)։ Նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 65–72։
  • «Հովհաննես Չեքիջյանը՝ կոմպոզիտոր» // Հովհաննես Չեքիջյան – 85. Գիտական նստաշրջան՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին (26–27 սեպտեմբերի, 2014)։ Նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 90–95։
  • «Տիգրան Չուխաճյանը Արևելքի և Արևմուտքի երաժշտական խաչմերուկում» // Տիգրան Չուխաճյանի ստեղծագործությունը. Գիտական նստաշրջան (12 դեկտեմբերի, 2014)։ Նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, էջ 165–168։