Հայ երգեհոնահարներ

Լուսին Սառաջյան

Speaker Detail Image

Ծնվել է 1970 թվականի մարտի 15-ին՝ Երևանում։ Ունի Հայաստանի և Իռլանդիայի քաղաքացիություն։

Կրթություն

1978–1985 թվականներին սովորել է Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում՝ Վալերի Խախանովի դասարանում։

1985–1989 թվականներին ուսումը շարունակել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում՝ Սուրեն Զաքարյանի ղեկավարությամբ։

1989–1995 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ միաժամանակ դաշնամուրային բաժնում՝ պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանի դասարանում, ինչպես նաև երաժշտագիտության և տեսության բաժնում։

1995–1997 թվականներին ավարտել է ասպիրանտուրան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեհոնային բաժնում՝ պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ։

Աշխատանքային գործունեություն

1995–2008 թվականներին աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեհոնի ամբիոնում՝ որպես ասիստենտ՝ պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ։

2008–2016 թվականներին բնակվել և գործունեություն է ծավալել Դուբլինում (Իռլանդիա)։ 2012 թվականին մասնակցել է երգեհոնի վարպետության դասերի՝ Դեվիդ Ադամսի ղեկավարությամբ։

2016 թվականից վերադարձել է Հայաստան և վերականգնել ակտիվ համերգային գործունեությունը Երևանում։

Ներկայումս Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մենակատար երգեհոնահարն է։

1996 թվականից հանդիսանում է Հայաստանի առաջատար երգեհոնահար մենակատարներից մեկը։

Ստեղծագործական գործունեություն

Լուսին Սառաջյանը ծավալում է ակտիվ համերգային գործունեություն Հայաստանում և արտերկրում՝ հանդես գալով որպես երգեհոնահար և կլավեսինահար։ Մենահամերգներով և համատեղ նախագծերով հանդես է եկել Ռուսաստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։

Մասնակցել է Հոգևոր երաժշտության փառատոններին (1998, 1999), Բարոկ երաժշտության փառատոնին (2005), ինչպես նաև Վահագն Ստամբոլցյանի անվան միջազգային երգեհոնային փառատոններին՝ 2022, 2024 և 2025 թվականներին։

Հանդիսանում է մի շարք երաժշտական նախագծերի հեղինակ և գեղարվեստական ղեկավար։

2005 թվականին Արամ Թալալյանի հետ համատեղ նախաձեռնել և ղեկավարել է Բարոկ երաժշտության փառատոնը, որի շրջանակում անցկացվել է 11 համերգ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և «Նարեկացի» արվեստի միությունում։

2021 թվականից Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ իրականացնում է «Lux Æterna» նախագիծը՝ որպես հեղինակ և գեղարվեստական ղեկավար։ Նախագծի շրջանակում կազմակերպվել են մի շարք համերգներ և ծրագրեր՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններին, ինչպես նաև հայ երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի հիշատակին։

Համերգներին հանդես է եկել Հայաստանի և արտերկրի հայտնի երաժիշտների և մենակատարների հետ՝ ներկայացնելով բարոկկո, դասական և ժամանակակից երաժշտության բազմաժանր ծրագրեր։