Հայ երգեհոնահարներ
Թերեզա Ոսկանյան
Ծնվել է Թբիլիսիում։ Երաժշտական կրթությունը սկսել է Թբիլիսիի Պալիաշվիլու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցում։
Կրթություն
Սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ նախ որպես դաշնակահար՝ դոցենտ Ի. Սեդրակյանի դասարանում, ապա որպես երգեհոնահար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանի դասարանում։
Աշխատանքային գործունեություն
Թերեզա Ոսկանյանը երկարամյա ստեղծագործական գործունեություն է ծավալում որպես երգեհոնահար, կլավեսինահար և դաշնակահար։
Հանդիսանում է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երգեհոնահարը, կլավեսինահարը և դաշնակահարը։ Համույթի և այլ երաժշտական կազմերի հետ հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Լիբանանում, Ռուսաստանում և Մերձբալթյան երկրներում։
2013 թվականից Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգեհոնահարն է։
Համագործակցում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, պետական ակադեմիական և կամերային երգչախմբերի, ինչպես նաև բազմաթիվ անհատ երաժիշտների հետ։
2024 թվականից Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երգեհոնահար-մենակատարն է։
Ստեղծագործական գործունեություն
Թերեզա Ոսկանյանը հանդես է գալիս որպես մենակատար երգեհոնահար, ինչպես նաև կլավեսինահար և դաշնակահար՝ ակտիվ համերգային գործունեություն ծավալելով Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է ինչպես դասական, այնպես էլ հնագույն երաժշտության կատարողական արվեստը։
Նա մասնակցել է մի շարք միջազգային երաժշտական փառատոների, այդ թվում՝ Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ծննդյան 300-ամյակին նվիրված հնագույն երաժշտության միջազգային փառատոնին (Լիտվա, Շաուլյայ), ինչպես նաև Վահագն Ստամբոլցյանի անվան միջազգային փառատոնին Երևանում։
Հանդիսացել է հայ կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Դավիթ Սաքոյանի երգեհոնային ստեղծագործությունների առաջին կատարողը։
Համագործակցել է անվանի դիրիժորներ և մենակատարներ Հ. Չեքիջյանի, Է. Թոփչյանի, Վ. Մարտիրոսյանի, Ջանլուկա Մարչիանոյի, Ֆրից Կրեմերի, Ֆիլիպ Ամելունգի, Խավիեր Իլան Ուլիսեսի և այլոց հետ։
Կոչումներ և պարգևներ
2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով՝ Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման և տարածման, ինչպես նաև ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար։